21․09․2013-ի արխիվից․ Վահան Բադասյանի պայքարը՝ հանուն արդարության
Հարցազրույց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հետ
Վահան Բադասյանը ԼՂՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր է: Պատերազմի ժամանակ եղել է Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատարը: Մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և այլ շրջանների ազատագրական մարտերին: Տարբեր տարիների զբաղեցրել է Հադրութի վարչակազմի ղեկավարի պաշտոնը: 2010թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով, այժմ անկուսակցական է, անկախ պատգամավոր: Վահան Բադասյանն աչքի է ընկնում ակտիվ հրապարակային գործունեությամբ:
-Պարոն Բադասյան, այսօր շատ է խոսվում արտագաղթի մասին: Ձեր կարծիքով, ինչու՞ են մարդիկ արտագաղթում: Արդյո՞ք այս երևույթն Արցախում հնարավոր չի կանխել:
-Ցավով պետք է նշեմ, որ Արցախից այսօր մարդիկ հեռանում են: Տարբեր լրատվամիջոցներով ես այդ մասին բազմիցս խոսել եմ: Պատճառները քիչ չեն: Գլխավոր պատճառը մնում է տնտեսական վիճակը, որտեղ հիմնական մեղքն իշխանություններինն է: Պատերազմից հետո մինչև մեր օրերն Արցախում չկա գյուղատնտեսական մթերքների կայուն արտադրություն և վերամշակում: Ներքին սպառման և արտահանման ապրանք չունենք: Ճիշտ է, ներկայիս իշխանությունները 2007-2010թթ. մեծ ջանքեր են գործադրել, փորձել են գյուղատնտեսական մթերքների կայուն արտադրության համար ստեղծել ամեն պայման (Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության հիմնադրամների միջոցներով, արտոնյալ և համայնքային վարկերով, սերմերի և պարարտանյութերի տրամադրմամբ, ոլորտին բյուջետային մեծ հատկացումներ կատարելով): Սակայն 2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո երկրի ներքին քաղաքականության մեջ վիճակը կտրուկ փոխվեց: Իսկ 2012թ. նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ երկիրը զարգացնելու համար նախորդ տարիների արածն ընդամենը փուչիկ էր: Երկու ընտրություններում էլ իշխանությունը խոստացել էր ժողովրդին, գրեթե յուրաքանչյուրին անհատական, կուլիսների ետևում, որ իշխանությանը ձայն տալու դեպքում ամեն ինչ լավ է լինելու: Սակայն ընտրություններից հետո պարզ դարձավ, որ այդ ՛՛լավը՛՛ էլի նույն մարդկանց համար է, ում համար նախկինում էլ է լավ եղել, իսկ իրենք ընդամենը խաբված են: Արդյունքում ստացվել է մի այնպիսի իրավիճակ, երբ տնտեսությունը մենաշնորհվել է մի խումբ մարդկանց կողմից, առաջացել է համատարած աղքատություն, պաշտոնների բաժանում յուրային-օտար սկզբունքով: Այս պայմաններում արցախցին տեսնում է, որ.
1. Առանց այն էլ չավարտված պատերազմի պայմաններում, այսպիսի ներքին և արտաքին քաղաքականության պարագայում իր սերնդի անվտանգության երաշխիքները պարզ չեն,
2. Սոցիալական անարդարությունը խիստ ակնառու է,
3. Նյութական ապահովություն գոյություն չունի, ինչի հետևանքով մի մասն ուզում է ընդմիշտ հեռանա, մի մասը ժամանակավոր աշխատանք է փնտրում Արցախից դուրս, մի մասն էլ փորձում է մնա ու պայքարի: Չնայած վերջիններիս թիվը քիչ է, քանզի քիչ է հույսը:
Սա արդյունքն է այն բանի, որ իշխանությունների կամայականությունները զսպող լծակ գոյություն չունի: Գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները միաձուլվել են, քաղաքական համակարգը դարձել է միաբևեռ:
-Նշեցիք, որ գյուղացին խաբվել է: Ինչպե՞ս են խաբել գյուղացուն:
-Տարբեր օրինակներ կարելի է ասել: օրինակ, խաղողի արտադրության մեջ գյուղացին տեսնում է, որ գինին վաճառվում է հումքից 15-30 անգամ թանկ: Վերջերս Մարտունու շրջանի Սոս գյուղում էի, որտեղ զրույց ունեցա խաղող մշակող գյուղացիների հետ: Եթե այսօրվա 130 դրամի փոխարեն խաղողը մթերվի 150 դրամով՝ գյուղի երիտասարդները կմնան տեղում և խաղող կմշակեն: Այնինչ այս տարի միայն Սոսից տասնյակ երիտասարդներ են հեռացել: Կառավարությունը գյուղում մանկապարտեզ է կառուցում, բայց մի քանի տարի հետո մանկապարտեզում մանուկ չի լինելու, քանզի այս տարի արդեն, ինչպես նշեցի, տասնյակ երիտասարդներ են արտագաղթել:
Խաբվելը միայն այդ չէ: Ընտրությունների ժամանակ մարդկանց առանձին-առանձին յուղոտ օգնություն, մթերքների արտոնյալ գներով մթերում և ինչ ասես, որ չէին խոստացվել վայ-հեղինակությունների միջոցով: Բայց ընտրություններից հետո, բնականաբար, ոչ մի խոստում չի կատարվել և գյուղացին էլի մնացել է իր կոտրած տաշտակի առջև:
-Ինչպե՞ս եք տեսնում ելքն այս վիճակից:
-Ճանաչելով քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին՝ ես եկել եմ այն եզրահանգմանը, որ.
- Հարկավոր է այս իշխանություններից օր առաջ ձերբազատվել,
- Վերականգնել սոցիալական արդարությունը: Նշում եմ վերականգնել, որովհետև պատերազմի տարիներին կար այդ արդարությունը, ինչն էլ մեզ հաղթանակ բերեց:
- Սահմանադրության և օրենքների շրջանակներում արդարացի ընտրությունների արդյունքում հայրենանվեր մարդկանցից բաղկացած իշխանությունների ձևավրում:
Սա ստարտեգիան է, տակտիկան միասին պետք է որոշենք:
«Վերածնունդ» ամսաթերթ, սեպտեմբեր, 2013թ.
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 2 | 0 | 0 | 0 |