Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել
Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր, որտեղ ընդգծվում է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև պատմականորեն հարուստ հարաբերությունները, մշակույթի և համայնքային կառավարման ոլորտներում ձևավորված սերտ կապերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։
Արցախի ԱԳՆ հաղորդմամբ՝ հռչակագրում նշված է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրանց հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում ազատության, հավասարության ու համագործակցության ոգուն, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:
Փաստաթղթում նշված է, որ հաշվի առնելով հակամարտության կենսական վտանգը Արցախի բնակչության համար՝ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը և իրականացնել բոլոր քայլերը, որոնք թույլ կտան նպաստել նրա բնակիչների անվտանգությանը:
Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն ցուցաբերելու հարցում՝ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի միջոցով տրամադրելով 50 000 եվրոյի չափով մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |