«ԼՂ-ի շուրջ բանակցություններին ցանկացած երկրի մասնակցության համար հարկավոր է Երևանի և Բաքվի երկուստեք համաձայնությունը»․ Պեսկով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին հարցին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետը։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1009 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |