Ավետարանոց և Սղնախ գյուղի հարակից տարածքներում մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ողջ օրը ռազմական գործողությունները շարունակվել են ռազմաճակաի ողջ երկայնքով, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ. այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ Մարտունու և Ասկերանի գյուղերում՝ անտառային հատվածներում, շարունակվում են դիվերսիոն ներթափանցումները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղի հարակից տարածքներում, բլուրների և անտառային զանգվածներում։
«Դիվերսիոն խմբերը ներթափանցում են առանձին խմբերով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի մարտական գործողությունների ձև, մարտավարություն: Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները: Կիրառվում են հիմնականում հրետանային հրթիռային միջոցներ»,- ասել է Հովհաննիսյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |