Եթե չկռվեցինք, իմացեք, որ դիվանագիտությունը և մնացած ամեն ինչը դատարկ բաներ են
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
ՀՀ վարչապետը նախօրեին իր հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը միացել է Թուրքիային ու ահաբեկիչներին և զգալու է այդ դաշինքի հետևանքներն իր վրա: Նաև շատ կոշտ ձևով ասել էր, որ Իսրայելը ավելի լավ է Հայաստանին առաջարկվող հումանիտար օգնությունը հատկացնի վարձկաններին ու ահաբեկիչներին: Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունները:
Կոշտ չի, ինչո՞ւ է կոշտ: Դա քաղաքական իրատեսության շրջանակներում է: Մեր երկրի այսօրվա վիճակը և մեր ժողովրդի ճակատագիրը ստիպում է իրերը տեսնել այնպես, ինչպես կա, ոչ թե ինչ-որ ֆոկուսներ անել, որոնց օգուտը հասկանալի չէ: Այնպես որ, Փաշինյանը շատ ճիշտ է արտահայտվել: Ես ավելին կասեմ, Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել եռյակի գործունեությունը, ըստ էության, կարելի է ձևակերպել «Մահ Հայաստանին» կարգախոսի ներքո: Այստեղ պատրանքներն ավելորդ են, պատրանքը վնասակար է հայության համար, որովհետև հայ ժողովրդի մեջ հակում կա բոլորի մեջ լավ բան տեսնել՝ մեղմություն, մարդասիրություն:
Նախօրեին Լավրովը հայտարարեց, որ Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների թիվը հասնում է 2 հազարի: Ձեր կարծիքով այս հայտարարությանը պե՞տք է ինչ-որ գործողություն հաջորդի Մոսկվայի կողմից:
Ես կարծում եմ, որ արտաքնապես դա չի երևում, որովհետև իրենք դարավոր փորձ ունեն մանիպուլյացիաների, բայց ներքին իմաստով երևում են այդ գործողությունները: Ես ենթադրում եմ, որ եթե ևս 2 հազարով ավելանան ահաբեկիչները, խնդրելու են Հայաստանին, որ թույլ տա պաշտպանել ահաբեկիչներից նախ ինքն իրեն, ապա նաև Արցախը՝ հանուն Ռուսաստանի: 1920 թվականի դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Գեորգի Չիչերինը մի հայտնի նամակ է գրել լենինյան քաղբյուրոյին, որտեղ ասում է՝ ինչ եղել, եղել է, բայց այն Հայաստանը, որը հիմա կա, պետք է նրա հետ հարաբերություն ստեղծենք, որովհետև Հայաստանն այստեղ կպաշտպանի իրեն և նաև մեզ՝ ռուսներիս: Չիչերինի «մարգարեությունը» հիմա նորից ակտուալ է: Լավրովն, իհարկե, դիվանագետ է, դրա մասին չի խոսում, բայց կարծում եմ՝ սկսելու են այդ տրամաբանության մեջ գործել: Եթե հազար ահաբեկիչ մոջահեդ էլ անցնի Հյուսիսային Կովկաս, դրանք, հավատացեք, ոչ թե արաբ են լինելու, այլ թուրքական գաղտնի ծառայության գործակալներ, տարածաշրջանը պայթելու է: Նրանց սլաքներն ուղղված են դեպի Պովոլժյե և Թաթարստան: Մեզ պետք է կռվել, նյարդերը պահպանել և ճիշտ հաշվարկներ անել:
Ինչպես եք գնահատում իրավիճակը առաջնագծում: Դեռ որքան կարող է սա շարունակվել:
Մինչև իրենք սպառեն իրենց: Մենք սպառվելու տեղ չունենք, մենք պատին դեմ եղած վիճակում ենք: Մենք կամ զրո ենք, կամ հարյուր: Զրո չենք կարող լինել, ուրեմն հարյուր ենք: Իրականությունն այն է, որ մենք անկախության պատերազմ ենք մղում, և այդ պատերազմը մղում ենք մեր բանակով և համաշխարհային ցանցային պետության վերածված հայությունով: Դրա արդյունավետությունը պետք է բարձրացնենք և չունենք չհաղթելու տարբերակ, ուղղակի չունենք: Եթե ոչ՝ մենք ոչնչանում ենք, դա պետության անէացում է նշանակում: Դրա համար պետք է անենք ամեն ինչ, դաշնակիցներն էլ իրենք կհայտնվեն: Նկատի ունեմ այն, որ Ռուսաստանն ավելի ու ավելի հակված է լինելու հայկական կողմի հետ շատ ավելի համագործակցելու: Վերջին հաշվով մեզ ի՞նչ է պետք. զենք տան, մենք բոլորին կոչնչացնենք: Բացի այդ, նախօրեին Վիեննայի ահաբեկչությունից հետո վստահ եղեք, որ դաշնակիցներն արդեն երևում են, և այդ երկրների թիվը կարող է աճել առաջիկայում, որովհետև պանթուրքիզմի ուղտը չոքելու է նաև այլ երկրների դռանը, և դա պարտադրելու է ֆաշիստական Գերմանիայի ֆունկցիան իր վրա վերցրած Թուրքիայի քայքայումը: Բայց մենք պետք է կռվենք, ուրիշ ոչ մի տարբերակ չունենք: Եթե չկռվեցինք, իմացեք, որ դիվանագիտությունը և մնացած ամեն ինչը դատարկ բաներ են:
Հայկական կողմը պատերազմական գործողությունների արդյունավետությունը և կազմակերպվածության մակարդակը խիստ պետք է բարձրացնի: Սկզբունք պետք է դառնա հետևյալը. «ամենամեծ արդյունք ամենանվազագույն կորստով»: Կարգապահության բարձրացումն անպայման արդյունքի կբերի:
Թուրք-ահաբեկչական ուժերը թիրախավորում են արդեն Հայաստանի տարածքը, մասնավորապես, հարվածներ են հասցրել Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ: Ռուսաստանը հայտարարում է, որ կկատարի իր պարտավորությունները Հայաստանի դեմ ռազմական գործողությունների դեպքում:
Հիմա չտեսնելու են տալիս այդ հարձակումները, բայց ես ենթադրում եմ, որ ինչ որ քայլեր են կատարում: Ուրիշ կերպ չի կարող լինել: Իսկ Նիկոլ Փաշինյանի դիմումը Պուտինին շատ ճիշտ էր. գործընկերներ են, դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ կա: Նաև դրանով մենք տեսնում ենք, թե Ռուսաստանի համար այդ պայմանագիրը քանի կոպեկ արժի: Եթե կոպեկ չարժի, նման պետությունները դադարում են ընդհանրապես միջազգային համագործակցության լիարժեք կողմ լինել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
1 | 0 | 0 | 0 | 0 | 0 |