Մոսկվան կատարո՞ւմ է փոխօգնության պայմանագրով իր պարտականությունները. Երևանում սակավախոս են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակից, որով Երևանը Մոսկվայից ռազմական աջակցություն էր ակնկալում, անցել է վեց օր, մինչ օրս, սակայն, սահմանափակ տեղեկություն է առկա նամակին հետևած գործողությունների մասին։ Այսօր խորհրդարան եկած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս հայ-ռուսական խորհրդակցությունների մասին տեղեկությունների հարցում սակավախոս էր։ Նա Factor TV-ի հարցին ի պատասխան միայն հայտնեց, որ երկկողմ պայմանագրերով սահմանված գործառույթները և պարտավորությունները կատարվում են: 1997 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, որի հիման վրա Փաշինյանը դիմել է Պուտինին, սահմանում է նաև ռազմական գործողությունների ժամանակ կողմերի՝ միմյանց տրվող աջակցության տեսակները և չափը: Փաշինյանի նամակից հետո հայտնի է, որ հայ-ռուսական ակտիվ խորհրդակցություններ են մեկնարկել: Factor TV-ն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարից հետաքրքրվեց՝ Կրեմլն աջակցության ի՞նչ տեսակներ է առաջարկում Երևանին: Նախարարն անպատասխան թողեց նաև հարցերը, թե հայկական կողմն ում դեմքով է ներկայացված և այդ խորհրդակցությունները որքան կտևեն։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, իշխող ուժի ներկայացուցիչ Անուշ Բեղլոյանը Factor TV-ի հետ զրույցում ուրվագծեց խորհրդակցությունների շրջանակը: Իշխանական պատգամավորը համամիտ չէ պնդման հետ, որ փոխօգնության պայմանագրով Ռուսաստանից տրվող աջակցությունը տեսանելի չէ: Անուշ Բեղլոյանն ընդգծում է՝ արդյունքը հենց առաջին օրը եղավ, երբ ՌԴ ԱԳՆ մակարդակով պատասխան եկավ վարչապետի նամակին: Պատերազմի հենց առաջին իսկ օրերից թիրախավորվեցին նաև Հայաստանի սահմանները, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներ։ Factor TV-ի հարցին՝ ինչո՞ւ Երևանն այս իրավիճակում չի դիմում ՀԱՊԿ-ին, ԱԳ նախարարը պատասխանեց՝ հայկական կողմը գործում է էֆեկտիվության և արագության սկզբունքով: Հայ-ռուսական փոխօգնության պայմանագրի արդյունքում Մոսկվայից ստացված աջակցության հետ կապված ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական կարծիք չեն հայտնում «Լուսավոր Հայաստան»-ում։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրուցում նշեց՝ իշխանությունից անգամ փակ ռեժիմով իրավիճակի մասին տեղեկատվություն չեն ստացել: Մարուքյանը կարծում է, որ Հայաստանի Դավիթբեկ, Մեղրի, Նռնաձոր համայնքների հետակոծության հետ կապված իշխանությունները պետք է տեղեկացնեն ռուսական կողմին։ Պատգամավորն ասում է՝ ընդդիմությանը հայտնի չէ՝ ռազմավարական դաշնակցին տեղեկացրե՞լ են, թե՞ ոչ, կամ տեղեկացնելուց հետո ի՞նչ պատասխան է փոխանցվել: Ի դեպ, այսօր այս հարցին հստակ պատասխան չտվեց նաև Զոհրաբ Մնացականյանը: Էդմոն Մարուքյանը, որը նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է, ասում է՝ Հայաստանը Ռուսաստանին պետք է դիմի նաև հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցով: Թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի պետական սահմանին առկա ադրբեջանական ագրեսիան զսպելու համար ի՞նչ միջոցների է դիմում, առայժմ պաշտոնական տեղեկություն չկա։ Սակայն, հաշվի առնելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ պայմանագրով սահմանված պարտավորություններն ու գործառույթները կատարվում են, կարելի է ենթադրել, որ աջակցություն, այնուամենայնիվ, կա: Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |