Հուլիսյան մարտերից սկսած՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր ձեռքից բաց է թողնում ԶՈւ-ի ղեկավարումը՝ հանձնելով դա թուրք զինվորականներին․ ռազմական փորձագետ
Պատերազմական իրավիճակի զարգացումների և մարտավարության հանգամանքների մասին. Tert.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:
- Թշնամին փոխել է իր մարտավարությունը՝ հարձակվում է դիվերսիոն խմբերով, կարո՞ղ ենք կանխատեսել, թե թշնամին հետո ինչ միջոցների կդիմի:
- Դատելով մարտավարությունից, որ հակառակորդը դիվերսիոն գործողություններ է իրականացնում՝ ենթադրելի է դառնում, որ պատերազմը դեռևս շարունակվելու է, քանի դեռ որևէ կողմը հստակ արդյունք չի գրանցել, և այս դեպքում չենք կարող ասել՝ երկու-երեք օրվա, թե ամիսների մասին է խոսքը: Չես կարող կանխատեսել, թե հաջորդ պահին ինչ կարող է տեղի ունենալ, որովհետև շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների խոցման գործողություն իրականացնելուց հետո ռազմաճակատում կարող է կտրուկ փոխվել իրավիճակը, և գործողություններն այնպես դասավորվեն, որ տեսանելի լինի պատերազմի վերջը: Այս պահին դեռևս ռազմական գործողությունները շարունակվում են, և դիվեսիոն խմբերի այդ գործողություններից ենթադրելի է, որ երկար են տևելու դրանք, սակայն ելնելով կլիմայական պայմաններից՝ կարող եմ ասել, որ միգուցե ինտենսիվությունը փոքրիշատե թուլանա:
- Իսկ ինչո՞ւ որոշեցին մարտավարությունը փոխել և դիվերսիոն խմբերով գործել:
- Ադրբեջանի զինանոցում եղած զենք-զինամթերքը, այնպես չէ, որ երկարաժամկետ պատերազմի համար էին նախատեսված, դրանք միայն բացառապես նախատեսված էին բլիցկրիգների համար, այդ հարվածային ԱԹՍ-ներից սկսած՝ բոլոր ատրիբուտներով վերջացած: Ադրբեջանը, հասկանալով, որ այլևս հնարավոր չէ ճակատային կռիվ մղել, անցել է այդ ճանապարհով հարցը լուծելուն: Միևնույն ժամանակ աչքի տակ ունենալով բնակլիմայական պայմանները և վախենալով, որ սեփական հասարակությանը չի կարող որևէ բան հրամցնել, չակերտավոր ասած, «ազատագրված տարածքներ», անցան այս գործելաոճին, որ այս կամ այն բնակավայրում տեղադրեն դրոշներ և նկարահանեն ու իրենց հանրությանը ցույց տան, որ իրենք ունեն հաջողություններ: Պետք է նշել, որ սա ևս երկար չի կարող տևել, մենք գիտենք՝ իրենց խմբերում կռվում են տաք երկրներից եկած վարձկաններ, և նրանք կարող են կռվել տաք կլիմայական պայմաններում և հարթավայրերում, իսկ լեռներում, անտառներում կռվելն արդեն մեծ խնդիր է դառնում:
- Սիրիայից տեղեկանում ենք, որ 342 սիրիացի վարձկան Ադրբեջանից հետ է վերադարձել Սիրիա, ինչը՞ կարող է պատճառ լինել:
- Պառակտում իրենց մեջ կա այն ժամանակվանից, երբ իրենք հասկացան, որ պարզապես իրենց առաջ են մղում, որպես կրակի բերանն ընկնող մարդկանց: Այսինքն` նրանց վրա սպառում էին հայկական կողմի զենք զինամթերքը և հենց այդ ժամանակվանից իրենց մեջ պառակտում եղավ, և իրենք նույնիսկ սկսեցին կոչեր հնչեցնել ոչ ռազմաճակատում գտնվող իրենց ընկերներին, որ թողնեն հեռանան, քանի որ իրենք պարզապես կենդանի վահան են օգտագործվում՝ հայկական կողմի զենք-զինամթերքը սպառելու նպատակով: Սակայն, այժմ հավաքագրող կողմի՝ Թուրքիայի համար շատ մեծ խնդիր է առաջացել Սիրիայի այն շրջաններում, որտեղից հավաքագրում էին ահաբեկիչներին, նրանք արդեն պահանջում են կանխավճար՝ առնվազը 50 կամ 70 տոկոսի չափով, և երաշխիքներ, որ իրենց զոհվելուց հետո իրենց ընտանիքները չեն հայտնվի խնդիրների առջև: Այսինքն՝ արդեն հասկանում են՝ ուր են գնում և դնում են գրեթե անիրագործելի պահանջներ:
- Արդյո՞ք բոլոր վարձկան-ահաբեկիչներն են զինվորական հատուկ պատրաստություն անցած:
- Վարձկանները երկու տեսակի են՝ առաջին տեսակն աղքատ և անգրագետ խավն է, և ինչպես նշեցի, նրանց վրա սպառում են հայկական կողմի զենք-զինամթերքը, իսկ երկրորդ խումբը «Իսլամական պետության» զինյալներն են, որոնք ունեն փորձառություն, բայց ոչ թե պատերազմական, այլ մարդ սպանելու, գլխատելու առումով, և նրանք էլ դիվերսիոն խմբերով մտնում են գյուղեր և իրականացնում են դաժանություններ՝ դրանք տեսանկարահանելով և տարածելով: Այսինքն` նրանց նպատակն է, որ իրենց խմբավորումների նկատմամբ իրենց դաժանությամբ հակառակորդի վրա ազդեցություն թողնեն: Իսկ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատները, որոնք ներգրավված են պատերազմում, շատ լուրջ պատրաստություն անցած, «Յաշմայից» շատ ավելի լավ պատրաստված ջոկատներ են, բայց միևնույն է, չունեն այն հմտությունը և կռվելու ունակությունը, որը հատուկ է այն տեղանքին, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողությունները:
- Տեղեկություններ կան, որ Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարական կազմում ևս կան տարաձայնություններ՝ադրբեջանցի շիա սպաները վրդովված են այն փաստից, որ փաստացի սուննիական թուրք հրամանատարներն են իրենց ղեկավարում, սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ պատերազմի ընթացքի վրա:
- Հուլիսյան մարտերից սկսած՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր ձեռքից բաց է թողնում Ադրբեջանի զինված ուժերին, և դա ակնհայտ դարձավ նաև զորավարժությունների ժամանակ: Արդեն սեպտեմբերի 27-ից այնտեղ գտնվող թուրք հրամանատարներն իրենց ձեռքն են վերցրել ռազմական գործողությունները, սակայն ոչ թե կրոնական, այլ զինվորական ինքնասիրությունն է վիրավորվել է և կրկին գլուխ են բարձրացրել ադրբեջանցի այն զինվորականները, որոնք ավանդ ունեն ադրբեջանական բանակում, սակայն այսօր նրանք անտեսվում են և նրանց փոխարեն որոշումներ են կայացնում թուրք հրամանատարները։ Այստեղ շատ մեծ տարաձայնություններ կան: Խոսվում է, որ հրամանատարական կազմից շատ լուրջ անձինք դադարել են Ադրբեջանի բանակի հրամանատարության կազմում լինել:
Հերմինե Միքայելյան
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |