Ադրբեջանցի գործիչը երկրում Ղարաբաղյան հարցից հետո ամենահրատապը համարել է կոռուպցիան և պաշտոնյաների կատարյալ անպատժելիությունը
Գյանջա քաղաքի ընդդիմադիր գործիչ Յունիս Սաֆարովը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում վերջին օրերին ուշագրավ հայտարարություն է արել, որը վկայում է այս երկրի իշխանությունների կողմից սեփական քաղաքացիների հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին:
«Եթե չլիներ Ղարաբաղյան հարցը, ապա ամենահրատապը պետական մասշտաբի կոռուպցիան և պաշտոնյաների կատարյալ անպատժելիությունն է: Ես իմ արած քայլի համար չեմ ափսոսում։ Բացի Գյանջայի ղեկավար Վալիևից, ես ցանկանում էի պատժել նաև Գյանջայի դատախազին և դատավորներից մեկին, որոնք անարդար որոշումներ էին կայացնում և ստրկացնում մարդկանց: Միգուցե իմ այս ասածների համար ինձ լրացուցիչ հոդված կամ մեղադրանք առաջադրվի, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Իմ քայլով ես ցանկացել եմ ցույց տալ պետական գործիչներին, որ նրանք անպատժելի չեն։ Նրանք չեն հարգում իրենց քաղաքացիներին, ընդհակառակը, նրանք խստորեն պատժում են բողոքող քաղաքացիներին։ Ես չէի կարող անտարբեր մնալ նման անարդարության նկատմամբ»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ հետապնդումները և քաղաքական անպատժելիությունը չի սահմանափակվում միայն կես միլիոնանոց Գյանջայով, որտեղ նա բազմաթիվ համախոհներ ունի, այլ տարածված է ամբողջ երկրի տարածքով։ Համեմատելիս նա հիշատակել է քաղաքացիների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը՝ նշելով, որ նրանք չեն հարգում «օրենքի առջև բոլորը հավասար են» սկզբունքը: Պաշտոնյայի և շարքային քաղաքացու միջև տարբերություն են դնում, իսկ բողոքող քաղաքացիներին անպատիժ չեն թողնում:
Իսկ իշխանությունները Սաֆարովին մեղադրում են նաև Իսլամական պետության ահաբեկիչ լինելու և Ադրբեջանում շարիաթի օրենքներ հաստատելու փորձի մեջ։ Յունիս Սաֆարովը չի ընդունում այդ մեղադրանքը, սակայն իր խոսքում նշում է, որ չի ափսոսում 2018-ի հուլիսյան դեպքերի համար. նա ցանկացել է վերջ տալ Գյանջայում բնակչության նկատմամբ բռնաճնշումներին, որոնց հետևանքով մարդիկ իրենց ստրուկ էին զգում։
Ադրբեջանական ոչ իշխանական լրատվամիջոցները ակտիվորեն տարածում են նրա խոսքերը՝ հիշեցնելով, որ 2018-ի հուլիս ամսվա դեպքերից և ընդդիմադիր Սաֆարովի ձերբակալությունից հետո նրա մասին գրեթե լուրեր չեն ունեցել, անգամ որոշ տեղեկությունների համաձայն՝ Սաֆարովին բանտում փորձել են սպանել։ Ադրբեջանական պետական մամուլն ամբողջությամբ անտեսում է Սաֆարովի՝ մեդիադաշտում հայտնվելը՝ հնարավորինս զգուշանալով Գյանջայում և այլ շրջաններում նրա համախոհների ակտիվացմամբ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |