ՀՀ-ում գտնվող արցախցի դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ը կարող են գրանցվել դպրոցներում
Ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով Արցախից ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող դպրոցականները պետք է մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը գրանցվեն իրենց բնակավայրի հարակից դպրոցներից մեկում: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ 1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա, 5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման: Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։
«Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում։ Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթական իրավունքն իրացնելու շուրջ ընթանում են ակտիվ աշխատանքներ»,-հայտնում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների դպրոցահասակ երեխաների հաշվառման և դպրոցներում տեղավորման հարցը քննարկվել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հանդիպմանը: Անդրադարձ է կատարվել Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Այս պահին այդ, ինչպես նաև կրթության կարիքների հստակեցման (դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ) ուղղությամբ աշխատանքներ են տարվում մարզպետարանների կրթության վարչությունների հետ։
ԱՀ ԿԳՄ նախարարությունը հստակեցնում է նաև ուսուցիչների համակազմն ըստ առարկաների, և այն պարագայում, երբ կլինի կարիքը, նրանք հնարավորություն կունենան համագործակցելու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կդասավանդեն նաև Արցախից ժամանակավորապես տեղափոխված ուսուցիչները։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |