Գյումրու «Կումայրի» արգելոցին պատկանող տներից մեկում փլուզում է եղել
«Կումայրի» արգելոցի տարածքում , Շիրազի փողոցի չբնակեցված թիվ 17 տունն ամբողջությամբ փլվել է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այն արգելոցի ֆոնդի վթարային տներից հերթականն է, որոնցում պարբերաբար փլուզումներ գրանցվում են։ Մի քանի օր տեղացող անձրևները նպաստեցին դրան: Վեց ամսում սա փլուզման արդեն երկրորդ դեպքն էնույն հասցեում։ Առաջին անգամ տան հետնամասի պատերն էին փլուզվել, կիսականգուն մնացել էր միայն ճակատային հատվածը, որն էլ այսօր վերջնակապես հողին հավասարվեց։
Շիրազի փողոցում պատկից 3 տներ են, տարբեր համարակալումներով, բայց նույն ճակատագրով։ 17, 19 և 21 տները կողք-կողքի փլուզվում են։Դրանք «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանության տակ են գտնվում։ Տանտերերը մի քանի անգամ են փոխվել, բայց որպես արգելոցի տներ պահպանության հարցում ոչինչ չի փոխվել: 3 վթարային տների տերերը քաղաքից վաղուց են գնացել՝ առանց պահպանության թողնելով իրենց սեփականությունները։
Այս տների սեփականատերերին քաղաքապետարանում հիշելու առիթ տվեց հերթական փլուզումը թիվ 17 տանը։ Քաղաքաշինության բաժնում դարձյալ փաստաթղթերն էին արխիվներից հանել, որ տեսնեն՝ ո՞վ է տան սեփականատերը և ինչպե՞ս է հնարավոր նրան գտնել։ Գլխավոր ճարտարապետը մեր թղթակցի հետ զրույցում նշել է , որ հաճախ են սեփականատերերի հետ հանդիպել, հորդորել պահպանել շինությունները։ Իսկ սեփականատերերը ցանկացել են օտարել դրանք, երբ քաղաքի պատմական միջուկի տներով հետաքրքրվող ներդրողներ էին ի հայտ եկել և հակված էին տները թանկ գներով վաճառել, ինչը չստացվեց։
«Սեփականատերերի ախորժակը բացվեց, գները բարձրացրեցին վթարային տների, բայց ձախողեցին ու այդպես էլ նորից մնացին։ Մենք գիտենք, որ դրանք լուրջ վտանգ են սպառնում։ Հիմա մենք պատրաստվում ենք, փաստաթղթերն ենք ուսումնասիրում գերակա շահ ճանաչելու կամ համայնքային շահ ճանաչելու համար, մենք վերցնելու ենք դրանք ու մեր ծրագրերի մեջ ներառենք»,-ասել է Գյումրիի գլխավոր ճարատարապետը։
Երկու տարի առաջ փողոցը հիմնանորոգող շինարարներն էին վտանգավոր հատվածները փակել բետոնյա պատնեշներով, բայց դա հարցի լուծում չէ։ Արգելոցի տարածքում 1000-ից ավելի պատմաճարտարապետական շինություններ կան, որոնց 20 տոկոսից ավելին խիստ վթարային են։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |