Ստիպված եք լինելու մշտապես լսել մեր խելագար ցավի կռինչը, այս անգամ լռելու ու դիմանալու հերթը ձերն է
Մահ, մահ, մահ...... ամեն մեկը մի տան ճրագ......ո՞վ է սպանում մեր զավակներին, ո՞վ սպանեց ի՛մ զավակին..... ես, մենք, դուք՝ բոլորս. բոլորս լռեցինք 30 տարի, գիտեինք, որ պատերազմի քողի տակ քանդում են շեն երկիրը, լռեցինք, գիտեինք, որ հերոսներին թիկունքից խփում են, լռեցինք, գիտեինք, որ թալանում են, սպանում, միլիարդներ կուտակում, էլի լռեցինք, գիտեինք, որ կուսակցական շիզոֆրենիան հասել է ամենակուլության, որ բոլորը քծնում են, վաճառվում, վեր սողում ու սողալով երկրին տեր դառնում, էլի լռեցինք, գիտեինք, որ թալանում են բանակը, երկիրը, ժողովրդին, լռեցինք....էլի լռեցինք, հետո տեսանք, որ ծախու ու սորոսածին ազգադավները գրավել են գլխավոր դիրքերն ու դավում են այն ամենին, ինչ ազգային է, ինչը մեր հզորության ակունքն է, էլի լռեցինք ....լռեցինք ու վախվորած նայեցինք մինչև ատամները զինվող թշնամուն.....նայեցինք, հասկացանք, որ մեծ պատերազմը ծեծում է դռներս, որ մենք պատրաստ չենք այդ պատերազմին ու էլի լռեցինք...... ու մեր լռության գինը տվեցին մեր զավակները, լռեցինք ու մեր լռությամբ դարձանք որդեսպաններ......
Դե, հիացեք իրարով, շոյեք իրար, սեր խոստովանեք, դափնիներ նվիրեք..... իսկ ճակատում մեր զավակներն են զոհվում՝ լավագույնները..... նրանք, որոնք իրենց մահով ու պայքարով էլի կհաղթեն ու էլի այդ հաղթանակը կվայելեն ճարպիկ սրիկաները.......որովհետև հաղթողներն էլի կլռեն:
Չէ, այս անգամ չի լինելու........ Այս երկիրը մի իրական տեր ունի՝ հանուն հայրենիի կյանք տվողները, և նրանք են հրամայելու, թե ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը:
Ու թե կարծում եք մենք՝ որդեկորույս մայրերս, ցավից խելագարվել ենք ու չարացել, ուրեմն ստիպված եք լինելու մշտապես լսել մեր խելագար ցավի կռինչը, այս անգամ լռելու ու դիմանալու հերթը ձերն է......
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |