/ Քաղաքական / Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ. նա...

Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ. նախագահ Արմեն Սարգսյան



Լրահոս

Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը կհամակարգի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտը
4.03.2021 | 12:33   ***
Երևանի քաղաքապետը կունենա ևս մեկ տեղակալ, որը կհամակարգի քաղաքաշինությ...
Տավուշի մարզպետարանին կտրամադրվի 234,2 մլն դրամ, որից շուրջ 43 մլն դրամը՝ պուրակի կառուցման համար
4.03.2021 | 12:23   ***
Տավուշի մարզպետարանին կտրամադրվի 234,2 մլն դրամ, որից շուրջ 43 մլն դրա...
ArmnewsOnline TV Youtube chanel
«ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է երկրի ներքին գործը». Զախարովա
4.03.2021 | 12:20   ***
«ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է երկրի ներքին գործը». Զ...
Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. նախարար
4.03.2021 | 12:18   ***
Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպա...
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության ներդրումային ծրագրին
4.03.2021 | 12:15   ***
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց կարագի արտադրության նե...
ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ըննդեմ ՀՀ նախագահի
4.03.2021 | 12:09   ***
ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկա...
Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
4.03.2021 | 12:06   ***
Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել. նրա նկատմ...
Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր
4.03.2021 | 11:52   ***
Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածնե...
«Արայիկ Հարությունյանը պետք է հեռացնի Վիտալի Բալասանյանին ռազմական հեղաշրջման փորձին միանալու համար». Արթուր Օսիպյան
4.03.2021 | 11:47   ***
«Արայիկ Հարությունյանը պետք է հեռացնի Վիտալի Բալասանյանին ռազմական հեղ...
Ադրբեջանը ձգտելու Է Հայաստանը շրջափակել նաև հարավից․ իրանագետ
4.03.2021 | 11:40   ***
Ադրբեջանը ձգտելու Է Հայաստանը շրջափակել նաև հարավից․ իրանագետ
«Բաքուն իր մոտ է պահում Հայաստանի ավելի քան 100 քաղաքացու. հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը». Զ. Սինանյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին
4.03.2021 | 11:28   ***
«Բաքուն իր մոտ է պահում Հայաստանի ավելի քան 100 քաղաքացու. հարցի լուծմ...
Իսրայելն Իրանին մեղադրել է իր ափերը նավթով աղտոտելու համար
4.03.2021 | 11:24   ***
Իսրայելն Իրանին մեղադրել է իր ափերը նավթով աղտոտելու համար
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
4.03.2021 | 11:22   ***
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-...
ԱՄՆ-ը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին. RT
4.03.2021 | 11:18   ***
ԱՄՆ-ը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին. RT
Կառավարության նիստ
4.03.2021 | 11:13   ***
Կառավարության նիստ
Տարօրինակ լռություն. Ինչու էր երեկ Փաշինյանը ԱԺ ամբիոն «գործուղում» Տիգրան Ավինյանին
4.03.2021 | 11:09   ***
Տարօրինակ լռություն. Ինչու էր երեկ Փաշինյանը ԱԺ ամբիոն «գործուղում» Տի...
Արցախում կորոնավիրուսային հիվանդության  դեպք չի գրանցվել
4.03.2021 | 11:07   ***
Արցախում կորոնավիրուսային հիվանդության  դեպք չի գրանցվել
Երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք
4.03.2021 | 11:00   ***
Երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հի...
Արցախում կայացել է պետական ավտոտեխնիկայի առաջին աճուրդը
4.03.2021 | 10:55   ***
Արցախում կայացել է պետական ավտոտեխնիկայի առաջին աճուրդը
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք․ սակրավորներն են աշխատում
4.03.2021 | 10:48   ***
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք․ սակրավորներն են աշխա...
Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը
4.03.2021 | 10:42   ***
Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է 2020թ պատերազմի ընթացքում Ադրբեջա...
Եմենցի հութի ապստամբները հայտարարել են Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտին հարված հասցնելու մասին
4.03.2021 | 10:38   ***
Եմենցի հութի ապստամբները հայտարարել են Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտ...
Ցմահ դատապարտյալի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է
4.03.2021 | 10:33   ***
Ցմահ դատապարտյալի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առ...
Starship տիեզերանավի նախատիպը պայթել է վայրէջքից հետո
4.03.2021 | 10:28   ***
Starship տիեզերանավի նախատիպը պայթել է վայրէջքից հետո
Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել
4.03.2021 | 10:24   ***
Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել
Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան
4.03.2021 | 10:16   ***
Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը
4.03.2021 | 10:08   ***
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը
Twitter-ը փորձարկում է Clubhouse-ի անալոգը` Android օգտագործողների համար
4.03.2021 | 0:56   ***
Twitter-ը փորձարկում է Clubhouse-ի անալոգը` Android օգտագործողների համ...
Թուրքիայից գերմանացի պաստորին կարտաքսեն ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեղադրանքով
4.03.2021 | 0:50   ***
Թուրքիայից գերմանացի պաստորին կարտաքսեն ազգային անվտանգության համար սպ...
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կարող է կախված լինել մարդու քաշից․ հետազոտություն
4.03.2021 | 0:47   ***
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կարող է կախված լի...
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը.

Ուկրաինա 24- Պարոն նախագահ, առաջին հերթին շնորհակալություն, որ հնարավորություն և ժամանակ եք գտել կապի դուրս գալու համար:

Իհարկե, Ձեզ հետ ցանկանում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որտեղ ավելի քան մեկ ամիս է շարունակվում են ծանր մարտական գործողությունները: Հրապարակային տեղեկատվության համաձայն՝ այսօր առճակատումներն ընթանում են ռազմավարական կարևորություն ունեցող դիրքերում: Կարելի է ասել, որ այս վերջին օրերը կարող են վճռորոշ լինել հակամարտության համար: Ներկայում Լեռնային Ղարաբաղում կամ, ինչպես հայերն են անվանում, Արցախում ինչպիսի՞ իրավիճակ է:

- Իրոք, արդեն մեկ ամսից ավելի է՝ մարտերը շարունակվում են:

Կարծում եմ, որ այս պատերազմը բացարձակապես անհիմն է: Այն սեպտեմբերի 27-ին սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ուժեղ աջակցությամբ: Դա և՛ սպասելի, և՛ անսպասելի էր: Սպասելի էր այն իմաստով, որ վերջին մի քանի տարիներին նրանք ակնհայտորեն պատրաստվել էին այս պատերազմին: Անսպասելի էր, որովհետև ամեն դեպքում բանակցային գործընթաց կար, այն ոչ ոք չէր դադարեցրել,և շուրջ 20 տարի այդ բանակցություններն ընթացքի մեջ էին, բավական հաջող էին ընթանում: Անշուշտ, կային օրեր, երբ այս կամ այն կողմը բավարարված էր դրանցով կամ ոչ այնքան: Սակայն,ամեն դեպքում, ցանկացած բանակցություն շատ ավելի լավ է, քան պատերազմը: Պատերազմը մարդկային կորուստներ է ենթադրում երկու կողմում էլ, դա ավերածություն է, ոչ թե կառուցում: Այս դեպքում, ցավոք, ադրբեջանական կողմը պատերազմի առաջին օրերից ի վեր սկսել է ռմբակոծել քաղաքացիական բնակչությանը: Նրանք դա սկսել են Ստեփանակերտից, և առաջին իսկ օրն այդ ամենի հետևանքով առավելապես երեխաներ ու մեծահասակներ են տուժել, մենք մարդկային կորուստներ ենք ունեցել:

Այնպես որ, ցավոք, պատերազմն ընթանում է: Այն սանձազերծել է Ադրբեջանը: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ այս պատերազմը բացարձակապես չհիմնավորված է, որովհետև ամեն դեպքում ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով:

Ղարաբաղյան առաջին պատերազմը տևել է մի քանի տարի, և կային օրեր, երբ բոլորն ասում էին, թե վերջը մոտ է: Եվ կային օրեր, երբ ասում էին՝ մյուս կողմի համար է վերջը մոտ: Իրականում այն շատ երկար տևեց՝ մի քանի տարի: Սակայն ամեն դեպքում այն ավարտվեց զինադադարով, որը կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և, ցանկանում եմ հատուկ ընդգծել, Ղարաբաղի միջև ստորագրվել է 1994 թվականին Բիշքեկում:

Ուկրաինա 24- Այո, այն, ինչ նշեցիք, շատ էական է: Հակամարտության՝ վերջին մի քանի շաբաթների սրացման ընթացքում բանակցություններ են եղել նույն Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, և արդեն երեք անգամ համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին հանդիպումը եղավ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Չնայած այս համաձայնություններին, ինչու՞ է հակամարտությունը շարունակվում:

- Ես այս հարցը կպարզեցնեի: Այդ բոլոր փորձերը, որոնք նախ եղան Ռուսաստանի Դաշնության ջանքերով, հետո ֆրանսիացիները փորձեցին, այնուհետև՝ ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Պոմպեոն: Հետո նախարարները հանդիպեցին Ժնևում: Այս փորձերը անհաջող են ավարտվել շատ պարզ պատճառով. հակամարտության երկու կողմերից՝ Արցախի Հանրապետությունից և Ադրբեջանից բացի, կա նաև երրորդ մասնակից, որը շահագրգռված չէ հրադադարով: Դա Թուրքիան է:

Ուկրաինա 24- Եթե խոսենք Թուրքիայի մասին, ապա վարկած կա, որ, ըստ էության, այս ռազմական հարձակման նախաձեռնողը հենց Թուրքիան է: Հակվա՞ծ եք համաձայնել նման տեսակետի հետ, և, ըստ Ձեզ, ինչքա՞ն ժամանակ են այս ռազմական գործողությունները ծրագրվել: Պարոն նախագահ, կարո՞ղ ենք այսօր ասել, որ ժամանակահատվածը ևս պատահաբար չէր ընտրվել. լարումը սկսվել է սեպտեմբերի վերջին, երբ կորոնավիրուսի համավարակի բռնկումներ կային, երբ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեժ քարոզարշավներ էին:

- Դուք ինքներդ արդեն պատասխանեցիք Ձեր իսկ հարցին: Համաձայն եմ Ձեզ հետ: Ենթադրությունը, որ Թուրքիան է եղել նախաձեռնողը... Դա եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության միջև: Նրանց հարաբերություններն ունեն երկար պատմություն, և այն, որ Թուրքիան շահագրգռված է, ուղղակի ակնհայտ է:

Ղարաբաղյան պատմությունը, ցավոք, միակը չէ, որտեղ Թուրքիան անկայունություն է ստեղծել և, ըստ էության, անում է ամեն ինչ, որ ոչնչացնի բոլոր հնարավոր ստատուս քվո-ները: Թուրքիան իր շուրջը ստեղծում է անկայունության օջախներ: Տեսեք՝ նրանք սկզբում Եգիպտոսում էին, հետո մյուսների հետ եղել են Լիբիայում, այնուհետև՝ Իրաքում: Նրանք խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն հենց իրենք են ներխուժել Իրաք: Այնտեղ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Իրաքի տարածքային ամբողջականությանը: Հետո նույնը եղավ Սիրայի դեպքում՝ Թուրքիան հաշվի չէր առնում Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը և առիթ գտավ ու մտավ այնտեղ: Իսկ այսօր Ադրբեջանում նրանք կռվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Ամեն դեպքում, սա շատ տարօրինակ է:

Թուրքիան անկայունություն է ստեղծում արևելյան Միջերկրականում, հակադրության մեջ է Հունաստանի, Կիպրոսի հետ: Այսինքն՝ ամենուր նա անկայունություն է ստեղծում: Տարածաշրջանային մեծ խաղացող դառնալու՝ Թուրքիայի հավակնությունն այն է, որ բոլորն ընդունեն նրա կարևորությունը: Ադրբեջանի դեպքում նա մի քանի շարժառիթ ունի: Առաջին հերթին Թուրքիան ցանկանում է իր փոքր եղբորն՝ Ադրբեջանին ցույց տալ, որ՝ ահա դուք չեք կարող ինքնուրույն լուծել խնդիրը, ես ձեր փոխարեն կլուծեմ: Անշուշտ, ցանկացած նման ծառայություն ունի իր գինը: Իսկ գինն այն է, որ Թուրքիան այսօր ահռելի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, և նա, ամենայն հավանականությամբ, այնտեղ էլ կմնա: Այդ դեպքում էներգակիրների, այն նավթատարների և գազատարների վրա, որոնք անցնում են Կասպից ծովով, Կենտրոնական Ասիայով դեպի Եվրոպա, կլինի նրա վերահսկողությունը, այսինքն՝ Եվրոպան ինչ-որ իմաստով պատանդ կդառնա: Եվ երրորդը փախստականներն են: Թուրքիայում 4 միլիոն փախստական կա, որոնք հիմնականում Սիրիայից են: Թուրքիան սիրիական ճգնաժամի ստեղծողներից մեկն է: Հենց Թուրքիան էլ ստեղծեց փախստականների ճգնաժամը: Այդ փախստականներն այսօր Թուրքիայի համար Եվրոպայի վրա ազդեցություն ունենալու մեծ խաղաքարտ են: Չորս միլիոն փախստական կանգնած է Եվրոպայի սահմանին, և, ըստ էության, Եվրոպան մեծ գումարներ է վճարում, որպեսզի նրանք մնան Թուրքիայում: Վճարել է 6 միլիարդ եվրո, և այս գումարներով, այդ փախստականները պետք է որ շատ լավ ապրեին, սակայն իրականում այդպես չէ: Այս ամենին գումարած՝ ահաբեկիչները, որոնց Թուրքիան բերել է Ադրբեջան:

Այո, Թուրքիան ունի իր խաղը, և ամեն անգամ, երբ կողմերը պայմանավորվում են հրադադարի հաստատման շուրջ, հայտնվում է մի կողմ, որը ասում է՝ ոչ: Դա ակնհայտորեն հայկական կողմը չէ:

Ուկրաինա 24- Պարոն նախագահ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունները հայտարարություն են անում Ղարաբաղի խնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման դիրքորոշումները, և Երևանն այսօր տեսնու՞մ է ռազմական լուծման տարբերակի զարգացում:

- Գիտեք ինչ, նույնն ասում էին 30 տարի առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ: Սկզբում Ադրբեջանն առավելություն ուներ, և բոլորն ասում էին, որ նրանք այս հարցը լուծելու են ռազմական ճանապարհով: Սակայն հետո ամեն ինչ ճիշտ հակառակը եղավ, և այս ամենն ավարտվեց զինադադարով, ու բանակցություններ սկսվեցին: Նման հայտարարություններին թերահավատորեն եմ վերաբերվում, որովհետև աշխարհում ռազմական լուծումներ չկան: Նայեք ամբողջ պատմությանը, Եվրոպայի պատմությանը, ձեր՝ ուկրաինական պատմությանը: Երբեք վերջնական լուծումները չեն եղել ռազմական արդյունքների հիմքով: Միշտ ստիպված են եղել ինչ-որ վայրում նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել ապագայի մասին:

Ղարաբաղցիներն ապրում են Ղարաբաղում մի քանի հազար տարի, նրանք շատ ավելի ագրեսիվ «նվաճողների» են տեսել՝ սկսած մոնղոլներից վերջացրած սելջուկ թուրքերով և մնացած բոլորով: Ռազմական լուծում չկա: Կա միայն բանակցային լուծում, երբ կողմերը նստում են սեղանի շուրջ և որոշակի փաստաթղթի տակ ստորագրում են, հետո փորձում են այն իրագործել: Ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ Ղարաբաղը չեն անհետանա այս մոլորակի վրայից:

Կարող եմ շատ պարզ օրինակ բերել, որը շատ հաճախ եմ բերում: 105 տարի առաջ նույն Թուրքիան՝ ի դեմս Օսմանյան կայսրության, որոշել էր Արևմտյան Հայաստանում ազատվել հայերից: Դա Հայոց ցեղասպանությունն էր, էթնիկ զտում: Հայերին դուրս քշեցին այդ հողերից, որտեղ ապրել էին հազարավոր տարիներ, երբ թուրքերն ընդհանրապես չկային: Այդ էթնիկ զտումն ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: Եվ ի՞նչ: Այդ ամենն ավարտվե՞ց: Ո՛չ: Չավարտվեց, որովհետև չնայած ավելի քան 100 տարի է անցել, հայերն ամենուր և միշտ հիշում են դա: Նրանք նույն հայերը չեն, որոնց հաջողվել էր ողջ մնալ ցեղասպանության ժամանակ, այլ՝ նրանց թոռներն և ժառանգները, սակայն, ամեն դեպքում, դա մոռացված չէ: Եվ այսօր ամբողջ աշխարհում հայերը պայքարում են, որ Ցեղասպանության ճանաչում լինի, շատ երկրներ արդեն իսկ այն ճանաչել են՝ սկսած ԱՄՆ Սենատից, վերջացրած Ֆրանսիայով, Գերմանիայի խորհրդարանով, Ռուսաստանի Դաշնությամբ և այլ երկրներով: Ուստի այդ պայքարը շարունակվելու է: Եթե նույնիսկ նրանք (Ադրբեջանն ու Թուրքիան) երազում են, որ կարող են ռազմական ճանապարհով լուծել այս հարցը: Պետք է հիշել, որ պատերազմներն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ այդ բանակցությունների սեղանն արդեն իսկ կա, որը շատ ներկայացուցչական է: Հայերն այս ամբողջ տարիներին ապաստարաններ կամ ռազմակայաններ չեն կառուցել, հակառակը՝ ճանապարհներ, հիվանդանոցներ են կառուցել: Հայերն ապրել են այն երազանքով, որ ապրելու են խաղաղության մեջ: Իսկ Ադրբեջանը որոշել է՝ ոչ, եկեք այդ ամենը քանդենք:

Ուկրաինա 24- Դուք շատ ճիշտ նշեցիք՝ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է խաղաղությամբ, և, դրանից ելնելով, ինչու պետք է մեծ քանակությամբ մարդկային կյանքներ խլվեն: Մի քանի օր առաջ Դուք Բրյուսելում հանդիպել եք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և խոսել Ղարաբաղի իրավիճակի մասին: Ինչպե՞ս է գլխավոր քարտուղարը բացատրում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դիրքորոշումը և գործողությունները:

- Թե ինչպես է նա դա բացատրել մեր փակ քննարկումների ժամանակ, ցավոք, չեմ կարող հրապարակել: Սակայն կարող եք վստահ լինել, որ այդ սուր հարցերը բարձրաձայնել եմ, քանի որ ինձ համար անհասկանալի է ոչ միայն որպես նախագահի, այլ նաև որպես մեկի, որը գիտի, թե ինչ է ՆԱՏՕ-ն: Ես եղել եմ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաջին դեսպանը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կարողանա օգտագործել ՆԱՏՕ-ի զենքը: Ղարաբաղում թուրքական կողմից օգտագործվող կամ Ադրբեջանին տված զենքը ՆԱՏՕ-ինն է: Նույն Bayraktar ԱԹՍ-ները չնայած թուրքական են, դրանց շարժիչը ավստրիական է, ավիացիոն համակարգը Կանադայից է, արկերի կառավարման համակարգը՝ Մեծ Բրիտանիայից: Դա ՆԱՏՕ-ի զենքն է: Այդ զենքերը, սպաները, որոնք վարժանքներ են անցել ՆԱՏՕ-ում, պատերազմի մարտավարությունը ՆԱՏՕ-ից է, և այդ ամենը կիրառվում է Լեռնային Ղարաբաղի դեմ: Որտեղ է Լեռնային Ղարաբաղը և որտեղ՝ ՆԱՏՕ-ն: Կարող եմ ասել, որ բավարարված եմ մեր բանակցություններով, որովհետև հարցերը դրված էին շատ կոնկրետ, և ես ստացել եմ պատասխաններ, որոնք քիչ թե շատ գիտեի: Սակայն այդ խոսակցությունը պետք է կայանար: Սակայն ՆԱՏՕ-ի վրա ճնշումները պետք է շարունակվեն:

Ուկրաինա 24- Նկատի ունեք ճնշումներ Թուրքիայի՞ վրա:

- Ճնշումները ՆԱՏՕ-ի վրա, որպեսզի ՆԱՏՕ-ն ճնշում գործադրի Թուրքիայի վրա: Հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չի կարող շարունակել ղեկավարել իր անդամներից մեկին, և նրա ակտիվությունը չի ավարտվի Ղարաբաղով: Աստված գիտի, թե նրանք է՞լ որտեղ կարող են հայտնվել և ինչով կզբաղվեն: Թուրքիայի նման վարքագիծը փաստացի վարկաբեկում է ՆԱՏՕ-ն: Կարծում եմ՝ նման վարքագիծը անախրոնիզմ է, այն հնացած է: Կամ՝ Թուրքիայի հայտարարությունը, թե՝ պետք է թյուրքալեզու պետությունների կոալիցիա կամ նույնիսկ բանակ ստեղծել. կարելի է ասել, որ դա դինոզավր է այլ դարաշրջանից: Այսօր 21-րդ դարն է: Աշխարհն այլևս միաբևեռ չէ: Ըստ էության, շատ միջազգային կազմակերպություններ այդքան էլ արդյունավետ չեն: Այս աշխարհում շատ բան անկայուն և փոփոխական է: Ես այն նույնիսկ անվանում եմ նոր աշխարհի քվանտային վարքագիծ: Քվանտային վարքագծով այս աշխարհում նման դինոզավրերը կարող են շատ վտանգավոր լինել, որովհետև երբ Թուրքիան խոսում է իր էթնիկ եղբայրների մասին, տեսեք, թե մինչև ուր են նրանք հասնում: Նրանք հասնում են մինչև Կենտրոնական Ասիա, Չինաստան, Մոնղոլիա, Ռուսաստան, Ուկրաինա: Ամեն անգամ Թուրքիան պետք է ռազմական տեխնոլոգիաներ և սարքավորումնե՞ր օգտագործի, որպեսզի օգնի իր քույրերին և եղբայրներին: Դա միջնադարյան մոտեցում է:

Ուկրաինա 24- Ամեն դեպքում, քաղաքակիրթ աշխարհի մի մասը և միջազգային հանրությունն այսօր աչք են փակում նման վարքագծի վրա: Նրանց ցանկալի՞ է նման վարքագիծը, թե՞ հնարավոր է՝ միջազգային հանրության, աշխարհաքաղաքական կարևոր դերակատարների դիրքորոշումը մոտ ժամանակներս փոփոխվի:

Ինչևէ, պարոն նախագահ, անդրադառնանք այն աջակցությանը, որն այսօր ստանում է Ղարաբաղը: Ինչպես հասկանում եմ՝ այսօր խոսքը միայն ամբողջ աշխարհի հայերի մասին է, որը ներառում է ֆինանսական, նյութական, հումանիտար օգնություն: Ինչքանո՞վ է այդ օգնությունն այսօր էական: Ինչպե՞ս եք գնահատում այն: Ես կարող եմ ասել այն, ինչ գիտեմ. հակամարտության սկզբից ի վեր՝ առաջին իսկ օրերից Երևանում աշխատում է Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբը, որտեղ համակարգվում է տուժածներին հումանիտար օգնություն ցուցաբերելու աշխատանքը: Այնտեղ հսկայական աշխատանք է իրականացվում՝ միության ղեկավար Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ: Ինչքա՞ն կարևոր է սա: Ինչպե՞ս կգնահատեք:

- Սկսեմ Ձեր հարցի առաջին մասից: Իսկապես, ժամանակը շատ ճիշտ էր ընտրվել: Միացյալ Նահանգները զբաղված էր ընտրություններով: Ուստի հուսալ, որ ԱՄՆ-ը կարող է ավելի ակտիվ ներգրավվել խնդրի կարգավորման հարցում, չենք կարող: Եվրոպան ևս զբաղված է՝ իր «Բրեքսիթ»-ով, կորոնավիրուսով, տնտեսական խնդիրներով և այլն: Բոլորը զբաղված են: Այս տեսանկյունից պետք է ևս մեկ անգամ նշել այս պատերազմը սկսելու անմարդկայնությունը: Ընդ որում, պատերազմ սկսվեց այն դեպքում, երբ հնարավորություն կար հարցը լուծելու բանակցությունների միջոցով: Գուցե ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ կապված դժգոհություններ ունես, այդ պարագայում կարող ես արտահայտել դժգոհությունդ, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը կփոխվեր, և ամեն բան նորմալ հունի մեջ կընկներ: Չի կարելի սկսել սպանել մարդկանց այն պատճառով, որ ինչ-որ բանից դժգոհ ես: Սա ցույց է տալիս այս պատերազմի անմարդկային բնույթը:

Պատերազմից առաջ հաշվարկվել էր, որ նախ, բոլորը զբաղված են լինելու: Երկրորդը, թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում մի բարդ պատերազմ է ընթանում՝ կորոնավիրուսի տվյալները մեծ տեմպերով աճում են: Բացի այդ, Թուրքիայում նաև տնտեսությունն է մեծ տեմպերով անկում ապրում՝ նայեք թուրքական լիրային, ապա՝ հայկական դրամին, որը բացարձակ կայուն է:

Այս տեսանկյունից, այո, մենք բարիդրացիական ու ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Ռուսաստանն իր հերթին լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, և սա օգտակար է, քանի որ այս առումով Ռուսաստանը կարող է լավ միջնորդի դեր կատարել: Դուք ճիշտ եք, որ հայերը կռվում իրենք իրենց համար: Նրանք այս կերպ պայքարել են նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Խոսքը ղարաբաղցիների մասին է, ովքեր գիտեն՝ ինչպես կռվել սեփական երկրի համար, խոսքը Հայաստանի մասին է, որն աջակցում է նրանց այս պայքարում, խոսքը կամավորների մասին է, ովքեր ցանկանում են գալ և օգնել Ղարաբաղին: Ընդ որում, խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի հայերի մասին է: Թուրքիայի ներկայությունն ամեն բան փոխում է: Եթե հնարավոր էր Թուրքիայի բացակայության դեպքում մտածել, որ այս խնդիրն ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում է, ապա Թուրքիայի ներկայությունը իրադրությունն ամբողջությամբ փոխում է:

Ես ուզում եմ օգտվել հնարավորությունից՝ շնորհակալություն հայտնելու Ուկրաինայի հայ համայնքին և այդ երկրում բնակվող հայերի բարեկամներին՝ իրենց օգնության համար: Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ ցանկացած նման պատերազմ մեզ՝ հայերիս համար հայրենական պատերազմ է: Եվ այս պատերազմում հաղթում է հենց ժողովուրդը, հաղթում է միասնությամբ, այլ ոչ թե ինչ-որ զենքով: Ցանկացած զենք ինչ-որ դերակատարում է ունենում միայն պատերազմի սկզբում, այնուհետև կարևոր են կամքի ուժը, համախմբվածությունը, մեր ժողովրդի համախմբվածությունը ղարաբաղյան խնդրի շուրջ, և այն օգնությունը, որի կարիքն ունի Ղարաբաղի ժողովուրդը, քանի որ երբ տղամարդիկ կռվում են, կանայք և երեխաները օգնության կարիք ունեն:Նրանք անօթևան են դառնում, և անհրաժեշտ է նրանց օգնել: Ես նրանց չէի անվանի փախստական, սակայն նրանց ժամանակավոր կարգավիճակը շատ անորոշ է: Ուստի ողջ աշխարհի հայկական սփյուռքի, այս պարագայում՝ Ուկրաինայի կողմից օգնությունը մեծ գնահատանքի է արժանի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին և ասել, որ նրանց օգնությունը ոչ միայն գնահատվում է, այլև մենք իսկապես ունենք դրա կարիքը: Այժմ ժամանակն է, որ մեր ողջ ժողովուրդը միասին՝ մեկ բռունցք լինի:

Ուկրաինա 24- Դուք շատ ճիշտ նշեցիք, պարոն նախագահ, որ Ուկրաինայում հայերը մեծ թվով ընկերներ ունեն, քանի որ այսօր այս երկրում շատ լավ գիտեն, թե ինչ է պատերազմը, ինչ են մարդկանց կորուստն ու այն կործանարար հետևանքները և աղետը, որն հետ բերում են պատերազմն ու պատերազմական գործողությունները:

Ինչ վերաբերում է իրադրությունը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն՝ ուզում եմ հարց ուղղել Ձեզ: Դուք հիշեցիք Բիշքեկի համաձայնագրի մասին, որը ստորագրվեց 1994 թվականին, և որով հաստատվեց զինադադար: Այդ ժամանակից ի վեր, ինչպես ճիշտ նշեցիք, հնարավոր էր լինում զսպել իրադրությունն ու թույլ չտալ իրավիճակի լարում: Այդուհանդերձ, հնարավոր չեղավ հաշտության շուրջ համաձայնության գալ ու կնքել հաշտության համաձայնագիր: Ինչո՞ւ 26 տարիների ընթացքում դա չհաջողվեց:

- Նախ, համաձայն չեմ Ձեզ հետ, որ մեզ դա չի հաջողվել: Նման օրինակ բանակցությունները շատ բարդ են ու շատ տարրեր են պարունակում՝ բացի մեծ հարցերից, կան նաև շատ այլ մանր հարցեր:

Ուկրաինա 24- Ես նկատի ունեմ, որ չի հաջողվել վերջակետ դնել:

- Իսկ ո՞վ է ասել, որ պետք էր վերջակետ դնել 26 կամ 36 տարիների ընթացքում: Նայեք ուրիշ հակամարտությունների ողջ աշխարհում: Պաղեստինի հարցը քանի տարի էր շարունակվում՝ բանակցություններ էին ընթանում, թղթեր էին ստորագրվում: Սա շատ բարդ հարց է: Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այն միտքը, որ եթե այս գործընթացի վրա չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ էլ, և մենք ավելի մոտ լինեինք խնդրի խաղաղ կարգավորմանը:

Ուկրաինա 24- Իսկ եթե խոսենք խաղաղ կարգավորումից՝ Երևանը պատրա՞ստ է փոխզիջման, պատրա՞ստ է գնալ որոշակի զիջումների՝ անկախ հակառակ կողմի՝ թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական քայլերից:

- Հայկական կողմն այս 26 կամ 30 տարիների ընթացքում մշտապես ասել է, որ պատրաստ է նորմալ բանակցությունների: Դա ապացուցելու համար պետք չէ շատ հեռու գնալ, ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Պատճառը շատ պարզ է՝ եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, արդեն քննարկելու բան, թերևս, չի մնա: Մենք մշտապես հավատացած ենք եղել, որ խնդրի վերջնական, մշտական կարգավորման կարելի է հասնել բանակցությունների միջոցով: Իհարկե, եթե թունելի վերջում լույս տեսանելի չլինի, ապա գուցե այդ ժամանակ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Պատասխանելով Ձեր հարցին, թե ինչին է պատրաստ Հայաստանը ու ինչին պատրաստ չէ, դա բանակցությունների թեմա է, իսկ բանակցությունները դադարեցված են: Եթե նույնիսկ դրանք շարունակվեին, ես Ձեզ չէի պատասխանի, որովհետև մեզ մոտ 2018 թվականից հետո բանակցող կողմ են վարչապետն ու արտգործնախարարը, ոչ թե ես:

Ուկրաինա 24- Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հակամարտության օպտիմալ լուծումներից մեկը կարող է լինել խաղաղապահների տեղակայումը: Որքանո՞վ է հնարավոր Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը մոտ ժամանակներս: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս պահին հակառակ կողմը բացառում է դեպքերի զարգացման այս տարբերակը:

- Որքանով ես հասկանում եմ՝ հենց հակառակ կողմն է բացառում սա, քանի որ մտածում են, թե իրենք առաջ են շարժվում, ու խաղաղապահներ պետք չեն: Սա սովորական պատմություն է: Ինչպես ասացի, նման գործընթացների ականատես ենք եղել նաև 30 տարի առաջ՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Կարծում եմ՝ այս պահին խաղաղապահների կարևորությունն այն է, որ կա երրորդ կողմ:

26 տարի երկու կողմերը քիչ թե շատ իրենց զուսպ էին դրսևորում՝ առանց խաղաղապահների: Անգամ կարելի էր գովազդել, թե՝ տեսեք, Հայաստանում, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև խաղաղապահներ չկան, իսկ զինադադարը պահպանվում է: Սակայն «աչքով տվեցին», այն պատճառով, որ հայտնվեց երրորդ դերակատարը՝ Թուրքիան: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագայում խաղաղապահների տեղակայումը պարտադիր է: Թե ովքեր կլինեն խաղաղապահները, կարծում եմ՝ ամենաօպտիմալ տարբերակը Ռուսաստանն է, քանի որ այս երկիրը նորմալ հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Հայաստանի հետ, համանախագահ է, այն երկրներից է, որը փորձում է կարգավորել խնդիրը, ռազմական գործողությունները բերել հրադադարի: Սա իմ անձնական կարծիքն է:

Ուկրաինա 24- Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ Ադրբեջանում կան սիրիացի վարձկաններ: Նման հայտարարություններ պարբերաբար արվում են, չնայած Ադրբեջանում ու Թուրքիայում հերքում են երրորդ երկրներից զինյալներ վարձելու փաստը: Այսօր կա՞ հաստատում, որ Ղարաբաղում հակառակ կողմից նման ուժեր՝ ահաբեկիչներ, զինյալներ են օգտագործվում:

- Մենք իզուր ժամանակ ենք կորցնում՝ խոսելով այս մասին, քանի որ նրանք իրականում կան: Դա փաստ է, երևում է արբանյակային ալիքներով, երևում է, թե ինչպես են նրանց տեղափոխել այստեղ: Բացի այդ, շատ երկրներ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունը, արտաքին հետախուզության ղեկավարի ու արտգործնախարարության մակարդակով հաստատել են սա: Էլ չեմ խոսում այլ երկրների մասին: Սա այլևս ոչ ոք չի քննարկում: Եվրոպայում բոլորը գիտեն, որ նրանք կան: Սակայն սրանք հասարակ ահաբեկիչներ չեն: Սրանք ծայրահեղականներ են, մարդիկ, ովքեր պատկանում են կազմակերպությունների, որոնք բացարձակ արգելված են թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում, ամենուր: Թուրքիան է այս մարդկանց բերել: Թուրքիան ֆինանսավորում է այս կազմակերպությունները, վերապատրաստում նրանց Սիրիայում: Սա հայտնի փաստ է:

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կային անհատներ՝ մոջահեդներ, օրինակ, Աֆղանստանից կամ Պակիստանից: Տվյալ դեպքում սա կազմակերպված է՝ պետության մակարդակով: Սա կոչվում է պետական ահաբեկչություն կամ ահաբեկչություն՝ կազմակերպված պետության կողմից: Ըստ էության, սա առաջին դեպքը չէ: Նույն այս ահաբեկիչներն էին նաև Սիրիայում, Լիբիայում, Եգիպտոսում, իսկ վաղը նրանք կարող են հայտնվել նաև Եվրոպայում:

Ուկրաինա 24- Եթե միջազգային հանրությունը, ինչպես ասում եք, միանշանակ հասկանում է սա, թեպետ միշտ չէ, որ ուղիղ խոսում է սրա մասին, վաղ, թե ուշ որևէ պատասխանատվություն, պատիժ պե՞տք է լինի նմանօրինակ գործողությունների համար: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ պատիժը՝ համաձայն միջազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի:

- Ես միջազգային դատարանի դատավոր չեմ, սակայն կարծում եմ, որ պատիժը կլինի իրական կյանքում, քանի որ ոչինչ անպատիժ չի մնում: Ցավոք, եվրոպական երկրները ևս պատժվելու են, քանի որ սա ահաբեկչություն է, ինչպես կազմակերպված ահաբեկչությունն Աֆղանստանից հայտնվեց Եվրոպայում, ապա ԱՄՆ-ում, և տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Այս ահաբեկչությունը ևս կհայտնվի այնտեղ: Պատիժը լինելու է ոչ միջազգային դատարանի ձևով: Երկիրը, որն այս ամենը կազմակերպում է, ևս պատիժ կկրի: Թուրքիան կարծում է՝ իրեն ամեն բան թույլատրվում է՝ տեղափոխել ահաբեկիչների, ստեղծել փախստականներ, ճնշել Եվրոպային այդ փախստականներով, էներգետիկայով, ստեղծել անկայունության օջախներ: Սա բացարձակ չսահմանափակված օպորտունիզմ է: Կարծում եմ՝ ի վերջո սա վատ վախճան է ունենալու: Բայց, ցավոք, Ղարաբաղի հայերը դարձան թուրքական այս քաղաքականության զոհը: Այս առումով հայերը Ղարաբաղում կռվում են ոչ միայն իրենց անկախության, արժեքների, ժառանգության, մշակույթի, հավատքի համար, այլև կանգնեցնելու այն, ինչը շարժվում է նաև Եվրոպայի ուղղությամբ, այն մեծ ռիսկերը, որոնք գնում են Եվրոպայի ուղղությամբ:

Ուկրաինա 24- Այդ ռիսկերի հաստատումն էին վերջին ողբերգական իրադարձությունները մի շարք եվրոպական երկրներում: Ուզում եմ Ձեզ հարց ուղղել ղարաբաղյան խնդրում կրոնի գործոնի մասին: Այս հակամարտության պատմությունն ունի նաև մշակութային-հոգևոր արմատներ: Որքանո՞վ են իրատեսական այն մտավախությունները, թե մոտ հեռանկարում տարածաշրջանը, հոռետեսական սցենարների զարգացման պարագայում, կարող է դառնալ գլոբալ քրիստոնյա-մուսուլմանական հակամարտության կենտրոն:

- Դա չի կարող լինել, քանի որ սա կրոնական պատերազմ չէ: Այլ հարց է, որ նախագահ Էրդողանն ինքն իրեն հայտարարում է և ուզում է դառնալ բոլոր թյուրքալեզու ժողովուրդների առաջնորդ: Թե ինչպես կարող է այս անախրոնիզմն աշխատել 21-րդ դարում, դեռ կտեսնենք: Թուրքիան ոչ մի պարագայում չի ներկայացնում իսլամական աշխարհը: Իսլամական երկրների մեծ մասն ապրել է Օսմանյան կայսրության կազմում և, ըստ էության, լավ գիտի, թե դա ինչ է: Տեսեք, թե ինչ վերաբերմունք ունեն Թուրքիայի նկատմամբ Պարսից ծոցում, այլ արաբական երկրներում՝ Եգիպտոսից մինչև Սաուդյան Արաբիա: Ոչ մի դեպքում սա կրոնական պատերազմ չէ: Այլ հարց է՝ պաշտպանել քրիստոնեական ժառանգությունը, քանի որ առաջինը, ինչ անում են թուրքերը, եկեղեցին ռմբակոծելն է: Ոչ թե որ ուժեղ մուսուլմաններ են, կամ սա կրոնական պատերազմ է, այլ՝ որովհետև գիտեն, որ այն շատ թանկ է հայերի համար: Բացի այդ, գիտեն, որ այնտեղ ապաստանում են երեխաներն ու տարեցները: Ահա այս հակամարտության բարոյական կողմը:

Ուկրաինա 24- Ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ առաջիկա հեռանկարներ կան Ղարաբաղում: Հույս կա՞, որ տեսանելի ապագայում հարցը կկարգավորվի, գոնե՝ կրակը կդադարի:

- Թույլ տվեք մեր զրույցն ավարտել փոքր ուղերձով մեր հայ քույրերին ու եղբայրներին: Հայաստանի նախագահը չի ապրում հույսերով, իմ օրը չի սկսվում ու ավարտվում հույսով: Ես ամեն օր՝ առավոտից մինչև երեկո աշխատում եմ: Ինչպես մեր զինվորները կռվում են ճակատում, այնպես էլ ես ամեն օր՝ առավոտից երեկո աշխատում եմ այդ հաղթանակի համար: Այդ պատճառով ես վստահ եմ՝ երբ բոլորս միասին լինենք, հաղթանակը կլինի մերը: Իսկ մեր դեպքում հաղթանակը մեր տունը պահպանելն է:

Ուկրաինա 24- Վաղ, թե ուշ պատերազմն ավարտվում է, ավարտվում է խաղաղությամբ: Ուզում ենք հավատալ, որ պատերազմը շուտով կավարտվի ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Ուկրաինայում ու ամբողջ աշխարհում: Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար:

- Ես ևս շնորհակալ եմ: Այդ խաղաղության համար պետք է աշխատել: Խաղաղությունը հենց այնպես չի լինում: Խաղաղությունը ստեղծարար բնույթ ունի՝ ի տարբերություն պատերազմի, որը կործանարար է:

- Շնորհակալ եմ:

Նյութի աղբյուր՝ www.president.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0