Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ ինքնաթիռները
Ուլյանովսկից Լեռնային Ղարաբաղ են մեկնել ռուս խաղաղապահներ տեղափոխող 13-րդ և 14-րդ Իլ-76 ինքնաթիռները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։
«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասներեքերորդ և տասնչորսերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցները և զրահափոխադրիչները»,- նշվում է հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |