Քարվաճառի բնակիչներին տարհանելու ժամկետը երկարաձգվել է 10 օրով
Բաքվի վերահսկողության տակ անցնող շրջաններից աշխարհազորայինների դուրս բերումը դանդաղել է, բայց շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Քարվաճառի (Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի շրջան) բնակիչներին տարհանելու ժամկետը երկարաձգվել է 10 օրով՝ մինչեւ նոյեմբերի 25-ը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Գաջիևին։ Վերջինս խոսել է այդ մասին ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, դժվարությունները կապված են այն բանի հետ, որ այդտեղից Հայաստան տանող մեկ ճանապարհ կա՝ սահմանափակ թողունակությամբ, խանգարում են նաև եղանակային անբարենպաստ պայմանները։ Հայկական կողմից նմանատիպ դիմում հղվել է ռուսական կողմի միջոցով, նշել է Գաջիևը։
Աղդամի ու Լաչինի շրջանները հանձնելու ժամկետները մնացել են նույնը, ինչ նշված է նախագահների եռակողմ հայտարարության մեջ՝ համապատասխանաբար նոյեմբերի 20 ու դեկտեմբերի 1։
Ավելի վաղ ՌԴ խաղաղապահ ուժերի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցնող շրջաններից աշխարհազորայինների դուրս բերումը դանդաղել է, բայց շարունակվում է։ Նշվում է, որ դանդաղության պատճառը վատ եղանակն է ու ճանապարհների որոշ, հատկապես լեռնային հատվածների ականազերծման անհրաժեշտությունը։
«Չնայած ոչ հասարակ իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի աշխարհազորայինների դուրս բերումը Աղդամի, Քելբաջարի ու Լաչինի շրջաններից շարունակվում է»,-ասել է աղբյուրը։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |