Ռուսաստանն ու Եգիպտոսը համատեղ զորավարժություններ են սկսում Սև ծովում՝ ազդակ ուղարկելով Թուրքիայի ռազմական մանևրերին
Ռուսաստանը և Եգիպտոսը պատրաստվում են Սև ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել. սա այս տարածաշրջանում լինելու է երկու երկրների նավատորմերի առաջին համատեղ զորավարժությունը, որը «Բարեկամության կամուրջ-2020» անունն է ստացել, գրում է Независимая газета-ն:
ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զորավարժություներն անցակցվելու են երկու երկրի՝ «անվտանգության ու կայունության» շահերից ելնելով: Նշվում է նաև, որ Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն՝ Սև ծովում եգիպտական ռազմանավերը չեն կարող 21 օրից երկար մնալ և նրանց գործողությունները սահմանափակ բնույթ են ունենալու:
Զորավարժությունների ընթացքում երկու երկրի ռազմածովային ուժերը ոչ այնքան Սև, որքան Միջերկրական ծովում ծովային անվտանգության ապահովման հետ կապված առաջադրանքներ են մշակում: Միևնույն ժամանակ նշվում է, որ հաշվի է առնվելու Լիբիայում տիրող իրավիճակը: 2019 թվականի նոյեմբերին Տրիպոլիում Անկարայի և լիբիական Ազգային փրկության կառավարության միջև անվտանգության և փոխադրման մասին հուշագրում շոշափվել են Եգիպտոսի և Արևելյան Միջերկրական ծովի այլ երկրների տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:
Համարվում է, որ Եգիպտոսն ու արաբական այլ երկրներ, ինչպես նաև Ռուսաստանն աջակցում են Խալիֆա Հաֆթարին, որը ղեկավարում է Լիբիական ազգային բանակը, որն էլ առճակատման մեջ է Լիբիայի Ազգային փրկության կառավարության հետ: Լիբիայում դե ֆակտո երկիշխանության ռեժիմ է գործում, իսկ հակամարտող ուժերը քաղաքացիական պատերազմի մեջ են նրանց դեմ: 2020 թվականի հոկտեմբերին կնքված զինադադարը շատ փխրուն է, ուստի՝ ռազմական գործողությունների վերսկսումը չի կարելի բացառել:
Առկա տեղեկությունների համաձայն՝ Եգիպտոսի ռազմածովային խմբավորումները կիրակի առանց որևէ խոչընդոտի անցել են Թուրքիայի կողմից վերահսկվող Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով և ուղևորվել են դեպի Նովորոսիյսկ: Նավերը նոյեմբրի 17-24-ն անցկացվելիք զորավարժությունների իրականացման վայր են ժամանելու երկուշաբթի:
Գաղտնիք չէ, որ գարնանը և ամռանը Թուրքիան ծովային ճանապարհով ոչ միայն ռազմամթերքի, այլև Սիրիայից վարձկանների տեսքով օգնություն է ուղարկել Ազգային փրկության կառավարությանը: Մի շարք շահագրգիռ երկրների կողմից նման աջակցության ծովային արգելափակումը բավականաչափ արդյունավետ չեղավ, որից հետո 2020-ի հունիսին այս անգամ Եգիպտոսի իշխանությունները որոշեցին ռազմական օգնություն տրամադրել Լիբիայի ազգային բանակին. (կոնկրետ ինչ եղանակով՝ հայտնի չէ) սրանից հետո լիբիական հակամարտությանը Կահիերին ներգրավելու հարցը դեռևս շարունակում բաց մնալ:
Ըստ ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վլադիմիր Պոպովի՝ նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի իշխանության գալուց հետո վերջին 5-6 տարվա ընթացքում Եգիպտոսը զգալիորեն ամրապնդել է իր ռազմական, այդ թվում ռազմածովային ներուժը՝ ձեռք բերելով գերմանական և ֆրանսիական ժամանակակից նավեր, ռուսական ինքնաթիռներ, զինտեխնիկա:
Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Թարեկ Ֆահմիի խոսքով՝ Ռուսաստանի և Եգիպտոսի համատեղ ռազմածովային զորավարժությունների մեկնարկը «խոսուն ազդանշան է գաղութային հավակնություններ ունեցող Թուրքիայի համար: Այն կարող է ծառայել որպես Մոսկվայից ուղարկված ազդակ առ այն, որ ռուսական կողմը թուրքերին թույլ չի տա «Կրեմլի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող շրջաններ ներխուժել»: Ֆահմիի խոսքով՝ «զորավարժությունները կանխարգելիչ ազդանշան են ուղարկում Թուրքիային կամ Եգիպտոսի ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած այլ երկրի զսպման համար: Բացի այդ զորավարժությունները պետք է նաև հիշեցնեն, որ եգիպտական բանակը 19-րդ դարում կանգնած է եղել Ստամբուլի շեմին, ուստի անհրաժեշտության դեպքում այն պատրաստ է կրկին այդ ուղղով առաջ շարժվել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |