Պենտագոնը Թուրքիային դուրս է մղում F-35 կործանիչների արտադրությունից
ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ, փոխգնդապետ Թոմաս Քեմբելը հայտարարել է, որ 2021-2022թթ. Թուրքիան աստիճանաբար կզրկվի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության մեջ ունեցած իր մասնակցությունից, հայտնում է Ermenihaber-ը։
Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան նշել է,որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո դադարեցվել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։
Թոմաս Քեմբելը շեշտել է, որ այդ որոշումը փոփոխման չի ենթարկվել։ 2020-ին ամերիկյան կործանիչի որոշ պահեստամասերի արտադրությունը Թուրքիայից տեղափոխվել է այլ երկրներ և 2021, 2022 թվականներին ևս պիտի նվազագույնի հասցվի Թուրքիայի մասնակցությունը վերոհիշյալ ռազմական ինքնաթիռների արտադրությանը։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել էր Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մասին շրջանառվող լուրերին:
«Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից չեն կիրառվել հավելյալ պատժամիջոցներ, մենք այստեղ վտանգներ չենք տեսնում: Եթե մենք ցանկանայինք, ապա S-400-ների երկրորդ խմբաքանակը հենց այսօր էլ Թուրքիա կգար, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանցումը»,- ասել էր թուրք պաշտոնյան:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 1 | 1 | 1 | 1 | 1 |