Շրջափակված երկաթուղու բացումը կոչված է Հարավային Կովկասին ապահովելու նոր բարգավաճում
Հայաստանի հարավում գտնվող Մեղրիի երկաթուղային կայարանը ամբողջովին ավերվել է: Լուսանկարում երևում են կայարանի լքված շենքը և մոլախոտերով պատված ռելսերը:
Նախկինում գոյություն ունեցած երկաթուղուց այսօր քիչ բան է մնացել։ Անցած 30 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին ապամոնտաժվել է այս միակ գիծը, որը տանում է ուղիղ դեպի սահմանամերձ Արաքս գետ: Մինչև 1992 թվականը Մեղրիի կայարանով ամեն օր անցնում էր Երևան-Բաքու սրընթաց գնացքը: Բայց հետո Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սանձազերծված առաջին պատերազմը ընդհատեց տրանսսահմանային հաղորդակցությունը: Անցյալ տարվա աշնանը ռազմական գործողությունների ավարտից հետո երկու կողմերն էլ Ռուսաստանի միջնորդությամբ աշխատանքներ սկսեցին տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ, որից պետք է օգուտ քաղի ողջ տարածաշրջանը: Նշված ծրագրերն իրականացնելու համար կպահանջվեն զգալի ներդրումներ:
Այս հարցը երկուշաբթի Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում էր: Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով բանակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվա էին ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս երեք քաղաքական գործիչների 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության (Ղարաբաղում պատերազմի ավարտի վերաբերյալ) վերջին կետը նախատեսում է տրանսսահմանային հաղորդուղիների բացում:
Այսպիսով, ենթադրվում է տնտեսական մակարդակով նոր հեռանկարներ առաջարկել պատերազմով ու ատելությամբ նշանավորված այս տարածաշրջանին։ Նախանշված ծրագրերի ճշգրտման համար Ալիևը, Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են ստեղծել հատուկ հանձնաժողով՝ երեք երկրների կառավարությունների բարձրաստիճան անդամների մասնակցությամբ:
Շրջափակված երկաթուղային հաղորդակցության և ճանապարհային երթևեկության բացման գաղափարի իրագործմանը խոչընդոտում էր այն, որ մինչև վերջին ժամանակներս Լեռնային Ղարաբաղում տարածքային հակամարտության լուծման հարցում չկար ոչ մի առաջընթաց: Վերջերս տեղի ունեցած պատերազմն իր դաժանությամբ ամբողջովին փոխեց իրավիճակը: Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը նախկին խորհրդային Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջը տեղակայված յոթ շրջանների նկատմամբ, որոնք գրավել էր Հայաստանը ղարաբաղյան առաջին պատերազմից հետո: Բաքուն այժմ կրկին վերահսկողություն է սահմանել Իրանի հետ սահմանին գտնվող շրջանների նկատմամբ, որոնց միջով երկաթուղային ճյուղը Բաքվից անցնում է դեպի արևմուտք: Խորհրդային տարիներին կառուցված այս գիծը մինչև 1992 թվականն անցնում էր Հայաստանով (Մեղրիի կայարան) և Ադրբեջանին պատկանող Նախիջևանի էքսկլավով դեպի Երևան և Գյումրի:
Պատերազմի՝ իր համար բարեհաջող ավարտից հետո Ալիևը նախևառաջ փորձեց բարձրացնել այս երկաթուղային գծի ապաշրջափակման հարցը, որպեսզի կրկին ցամաքային կապ ստանա Նախիջևանի, իսկ այնտեղից էլ ըստ ամենայնի՝ Թուրքիայի հետ: Բարդ ու թանկարժեք երկաթուղին, որն անցնում է Վրաստանով՝ Հայաստանը շրջանցելով, և տանում դեպի Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաք, ևս նպատակ ունի հետագայում Կարսը կապել Նախիջևանի հետ: Այժմ Ադրբեջանը կարող է հրաժարվել այդ շրջանցող ուղուց, եթե վերականգնվի շահագործումից հանված և ապամոնտաժված երկաթուղին, որն անցնում է Իրանի հետ սահմանի երկայնքով: Դեպի Հայաստան և Թուրքիա տանող տարանցիկ ուղին կարող է նաև օգնել տնտեսական առումով մեկուսացած Նախիջևանին:
Հայաստանը նույնպես միայն կշահի տրանսպորտային ուղիների բացումից: Արդեն գրեթե 30 տարի այս երկիրը, այդ թվում նաև՝ Թուրքիայի հետ փակ սահմանների պատճառով, երկաթուղային ցանցին կապված է միայն հյուսիսային ուղղությամբ՝ Վրաստանի տարածքով: Նախկինում Երևանից Հայաստանի հարավ ամենից արագ կարելի էր հասնել Նախիջևանով: Բացի դրանից, Իրան տանող երկաթուղին ևս անցնում էր Նախիջևանով: Ներքին և արտաքին տրանսպորտային հաղորդակցության համար այս ծրագրերի իրագործումը ձեռնտու է Հայաստանին:
Միևնույն ժամանակ, այսօր հայերի զգացողությունները խառն են: Հարավում հաղորդուղիների բացումը Մեղրիով Ադրբեջանից դեպի Նախիջևան նշանակում է, որ ադրբեջանցիները, որոնք վերջին պատերազմից հետո Հայաստանի բնակիչների մեջ ատելություն են առաջացրել, պետք է անցնեն հայկական տարածքով, իսկ ռուս սահմանապահները պետք է նրանց ապահովեն հուսալի ուղեկող խմբով: Շատ հայեր մտավախություն ունեն, որ վերջնարդյունքում իրենք կարող են ամբողջովին կորցնել վերահսկողությունը Իրանի հետ սահմանին, նաև այն պատճառով, որ Ադրբեջանում անընդհատ խոսում են տարածքային հավակնությունների մասին, որոնք դա նախատեսում են:
Շրջափակված տրանսպորտային ուղիների հարցում առաջընթացի դեպքում այդ ամբողջ տարածաշրջանը կարող է նորովի կազմակերպվել աշխարհաքաղաքական և տնտեսական հարաբերությունների առումով: Ռուսաստանն ու Հայաստանը ավելի լավ կկապվեն միմյանց՝ շրջանցելով Վրաստանը: Եվ Ադրբեջանը այլևս կախված չի լինի Վրաստանից այն հարցում, որն առնչվում է թուրքական, իսկ այնուհետև նաև եվրոպական երկաթուղային ցանցին միանալուն: Հակառակ ուղղությամբ Թուրքիան կստանա ուղիղ ճանապարհ դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա: Արտաքին խաղացողները ևս կշահեն՝ ներառյալ Չինաստանը իր նոր «Մետաքսի ճանապարհ» նախագծով:
Պատրաստեց Սոնա Աբրահամյանը
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |