Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ՝ Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում
Փետրվարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։Տեղեկացնում է Վատիկանում Հայաստանի դեպանությունը։
Պատարագին հետևել է Էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա է գտնվել Կուրտ Կարդինալ Կողը: Նշված խորհրդի, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու համագործակցությամբ կազմակերպված միջեկեղեցական միջոցառմանը մասնակցել են պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը, նշել է, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս Պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։
Իր խոսքում Կ․Նազարյանը նաև նշել է, որ իր հազարամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը երբեք չընկրկեց իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, ու, վեր հառնելով, շարունակեց հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։
«Խաղաղության վարդապետի» (ինչպես որ ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի Պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծել է ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու Եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։
Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ մեկտեղ ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |